2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ Է ԹԹՎԱԾՆԻ. ԵՐԲ ԿԱ, ՉԵՍ ԶԳՈՒՄ, ԵՐԲ ՉԿԱ, ՇՆՉԱՀԵՂՁ ԵՍ ԼԻՆՈՒՄ»

«ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ Է ԹԹՎԱԾՆԻ. ԵՐԲ ԿԱ, ՉԵՍ ԶԳՈՒՄ, ԵՐԲ ՉԿԱ, ՇՆՉԱՀԵՂՁ ԵՍ ԼԻՆՈՒՄ»
27.09.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ՍԾՏՀ ԽՎ ԱԺ պատվիրակության ղեկավար ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ
-Ի՞նչ հարցեր էին քննարկվում ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովի բուրգասյան նիստում, և ի՞նչ կարևորություն ունեին Հայաստանի համար:
-Սեպտեմբերի 14-16-ին Բուլղարիայի Բուրգաս քաղաքում տեղի ունեցավ ՍԾՏՀ ԽՎ իրավական և քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը, որի օրակարգային հիմնական խնդիրը տարածաշրջանում կազմակերպված հանցագործության դեմ պայքարի մասին զեկուցման ընդունումն էր: Կազմված էր բավականին հավասարակշռված փաստաթուղթ, որը ներկայացնում էր 12 երկրներում իրականացվող քաղաքականությունը, միմյանց հետ համագործակցությունը, որովհետև կազմակերպված հանցագործությունը սահմաններ չի ճանաչում, և, բնականաբար, նրա դեմ պայքարը ևս սահմաններով չպետք է պայմանավորվի: Նկարագրված էր անդամ երկրների օրենսդրության համապատասխանությունն այդ ծանր մարտահրավերի դեմ պայքարի նորմերին:
-Հայաստանի օրենսդրությունը կազմակերպված հանցագործության դեմ պայքարի նորմերը բավարարո՞ւմ է:
-Միանգամայն, դա երևաց նաև հարցի քննարկումից, որն անցավ բավականին հետաքրքիր և սահուն, զեկույցի հիման վրա ընդունվեցին հանձնարարականներ ՍԾՏՀ-ին` առաջարկելով քննարկել ու կատարել անհրաժեշտ եզրահանգումներ: Բուրգասի նիստը նաև ինտրիգ ուներ` քննարկվեցին ՍԾՏՀ ԽՎ կանոնակարգում ակնկալվող փոփոխությունները:
-Որքան հիշում եմ` այդ հարցը քննարկվել էր նաև կառույցի նախորդ նիստում, և որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվել էին, այո՞:
-Խնդրի պատմությունը հետևյալն է` կանոնակարգային փոփոխությունների հարցը սրվեց վեհաժողովի կենտրոնակայանում մշտապես աշխատող պաշտոնատար անձանց վերջին ընտրության ժամանակ: Նրանք իրականացնում են կառույցի ընթացիկ ղեկավարումը, միաժամանակ, բնականաբար, կառույցում ներկայացնելով իրենց երկրների շահերը: Գործող կանոնակարգը սահմանում է պաշտոնատար անձանց ընտրության մի համակարգ, որով ընտրվելու ավելի մեծ հնարավորություն ունեն մեծաքանակ պատվիրակություններով երկրների ներկայացուցիչները: Հանուն արդարության պետք է ասել, որ այդ երկրները նաև ավելի մեծ անդամավճար են մուծում, որից ձևավորվում են այդ պաշտոնատար անձանց աշխատավարձերը: Այս վիճակը բավականին տհաճ քննարկումների տեղիք է տալիս յուրաքանչյուր ընտրության ժամանակ: Փոքրաքանակ պատվիրակություններ ունեցող երկրները կարծում են, որ իրենց շահերը հանիրավի ոտնահարվում են: Բուրգասում գումարվում էր արդեն երկրորդ աշխատանքային նիստը` այս հարցին լուծում տալու նպատակով: Աշխատանքային առաջին նիստը գումարվել էր Ստամբուլում:
-Ի՞նչ են առաջարկում փոքր պատվիրակություններ ունեցող երկրները:
-Աշխատակազմի ձևավորման երկու տրամագծորեն հակառակ տեսակետներ կարող են լինել: Ձևավորում բացառապես ընտրությունների միջոցով, և բացառապես ռոտացիոն սկզբունքի միջոցով: Գործող կանոնակարգում ամրագրված է առաջին սկզբունքը: Հայաստանը քննարկման համար առաջարկել էր աշխատակազմի ձևավորման ռոտացիոն տարբերակ: Բնական է, որ ընդունման ավելի մեծ շանսեր պետք է ունենար փոխզիջումային տարբերակը: Ստամբուլում այդպիսի լուծում գտնելու պայմանավորվածությունը կայացել էր, Հայաստանը հանել էր բացարձակ ռոտացիայի իր առաջարկը: Ձևավորվել էր փոխզիջումային տարբերակ, որը պետք է հաստատվեր հանձնաժողովի նիստում: Այնուհետև որոշվեց հանձնաժողովի նիստից առաջ գումարել աշխատանքային խմբի ևս մի նիստ: Հայաստանից աշխատանքային խմբի Բուրգասում կայացած երկրորդ նիստին մասնակցում էր Արեգ Ղուկասյանը, ով, ի դեպ, վեհաժողովի նախագահի տեղակալն է: Աշխատանքային խմբի նիստն անցել էր բուռն քննարկումներով, որի ընթացքում պարոն Ղուկասյանը մի քանի անգամ ելույթ էր ունեցել և հիմնավորել էր նման տարբերակի դրական կողմերը: Արդյունքում աշխատանքային խումբը հանգել էր այնպիսի փոխզիջումային տարբերակի, որը բավարարում էր նաև հայկական պատվիրակությանը: Թվում էր, որ հաջորդ օրը կայանալիք հանձնաժողովի նիստը հեշտությամբ կհաստատի այն, ինչը նախորդ օրը ծանր քննարկումների արդյունքում համաձայնեցվել էր բոլոր երկրների ներկայացուցիչների միջև: Սակայն հանձնաժողովի նիստում տարօրինակ ու անսպասելի կերպով թուրքական պատվիրակության ներկայացուցիչը հրաժարվեց իր տեսակետից, թեպետ նախորդ օրը մասնակցել էր աշխատանքային խմբի քննարկմանը և կողմ էր քվեարկել:
-Իսկ ի՞նչ պատճառաբանվեց:
-Նա ասաց, որ նախորդ օրը լավ չի հասկացել առաջարկի ողջ էությունը, իսկ հիմա դեմ է: Թուրքական պատվիրակության ներկայացուցիչը նոր մարդ է կառույցում և ակնհայտորեն լավ չէր տիրապետում կառույցի կանոնակարգին և, հավանաբար, այդ պատճառով ընդմիջումներին նա հեռախոսով բուռն քննարկումներ էր ունենում:
-Կանոնակա՞րգն էին բացատրում:
-Հազիվ թե, որովհետև նրա առաջարկներն ու հիմնավորումներն այնքան խոցելի էին, որ անգամ ադրբեջանական պատվիրակության ղեկավարն իր ելույթում ասաց, որ դրանք որևէ կապ չունեն կառույցի կանոնակարգի հետ: Բայց թուրքական պատվիրակության ներկայացուցիչը շատ անդրդվելի էր և պնդում էր, որ ընտրական համակարգում որևէ փոփոխություն անել պետք չէ: Սա, իհարկե, Թուրքիայի համար շատ ձեռնտու է, բայց ընդունելի չէ մյուս պետությունների համար:
-Ինչպե՞ս ընդունեցին մյուս պատվիրակությունները դիրքորոշման այդ փոփոխությունը:
-Գործնականում բոլոր պատվիրակությունների ներկայացուցիչները դատապարտեցին թուրքական պատվիրակության անդամի անբնական կեցվածքը երկու առումով` նախ, որ ընդամենը մեկ օրվա ընթացքում տրամագծորեն փոխում է տեսակետը, և երկրորդ` իր առաջարկով տորպեդահարում է համագործակցության գաղափարը: Հանձնաժողովում որոշումները կոնսենսուսով չեն ընդունվում, և ձայների բացարձակ մեծամասնությամբ, ընդամենը 1 «դեմ»-ով, հանձնաժողովը որոշում կայացրեց հօգուտ կոմպրոմիսային տարբերակի, ու հարցը տեղափոխվեց ՍԾՏՀ ԽՎ գագաթաժողովի քննարկման` նոյեմբերի վերջին, Տիրանայում: Թուրքիայի ներկայացուցչի դիրքորոշման այդպիսի փոփոխությունը, թերևս բացի մեր պատվիրակությունից, մյուս բոլոր պատվիրակությունների համար տհաճ ու անհասկանալի անակնկալ էր: Մեր համար այն անակնկալ չէր, թեկուզ հենց Ցյուրիխյան արձանագրությունների օրինակով, երբ ստորագրումից անմիջապես հետո, արհամարհելով միջազգային կարծիքը, թուրքական կողմն առաջ քաշեց արձանագրությունների հետ կապ չունեցող նախապայմաններ:
-Այնուամենայնիվ` ի՞նչ իմաստ ուներ դիրքորոշման հանկարծակի փոփոխությունը:
-Վեհաժողովում այդ հարցը պետք է ընդունվի մեծամասնությամբ, սակայն մինչև վեհաժողովը պետք է քննարկվի մշտական կոմիտեում, որտեղ բոլոր պատվիրակությունների ղեկավարները որոշումներն ընդունում են կոնսենսուսով: Այսինքն` թուրքական պատվիրակությունը ընտրական համակարգի առաջարկվող փոփոխությունը ձախողելու հող էր նախապատրաստում: Իհարկե, այնտեղ էլ նման դիրքորոշումը բոլոր պատվիրակությունների ղեկավարների պարսավանքին կարժանանա, որովհետև դեմ է ընդհանուր տեսակետին և անառողջ մթնոլորտ է ստեղծում կառույցի ներսում, սակայն, կարծում եմ, դա թուրքական պատվիրակության համար որևէ նշանակություն չի ունենա:
-Ո՞ր երկրներն ունեն փոքր պատվիրակություններ:
-Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Մոլդովան:
-Իսկ մե՞ծ:
-Ռուսաստանը, Թուրքիան, ՈՒկրաինան:
-Ի՞նչ դիրք ունեն նրանք:
-Բոլոր երկրներն էլ համաձայն են զիջմանը, որովհետև հասկանում են, որ կառույցի կայունությունն ու լարվածության վերացումը շատ կարևոր է բնականոն գործունեության համար, և միայն Թուրքիան է, որ սեփական շահը բարձր է դասում կառույցի շահերից:
-Ի՞նչ եք կարծում` ի՞նչ կլինի Տիրանայում:
-Եթե մշտական կոմիտեն հարցը կոնսենսուսով չընդունի, պատվիրակությունների հարաբերությունների մեջ կոնֆլիկտը կմնա:
-Ձեր կարծիքով` Հայաստանին ի՞նչ տվեց անկախությունը:
-Առավել քան համոզված եմ, որ 20 տարիների անկախության ամենամեծ արդյունքը նոր սերունդն է, որն այլևս իրեն չի պատկերացնում ոչ անկախ վիճակում: Անկախությունը նման է թթվածնի. երբ կա, չես զգում, երբ չկա, շնչահեղձ ես լինում:
-Ի՞նչ կորուստներ ունեցանք:
-Ամենամեծ կորուստները բարեփոխումների ոչ բավարար տեմպերի հետ են կապված, ամեն ինչ պետք է անենք տեմպերն արագացնելու համար, որովհետև և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ իրավական համակարգերում մենք ունենք ծրագրեր ու պետք է արագ իրականացնենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի իրեն զգա այնպես, ինչպես զգում է նորմալ, ժողովրդավար երկրի քաղաքացին:
-Մե՞նք կզգանք, թե՞ մեր ժառանգները:
-Ամերիկյան հնդկացիները մի շատ լավ ասացվածք ունեն` ես չգիտեմ ինչքան է հեռավորությունը, որովհետև չգիտեմ ինչ արագությամբ եք գնում:
-ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունն ավարտվե՞ց, թե՞ շարունակման հեռանկարներ կան:
-Ես կարծում եմ, որ պետական և ազգային շահը ՀԱԿ-ի մեր գործընկերների համար լոկ խոսք չէ, և վաղ թե ուշ իրենք, այդ շահի գերակայության հրամայականով, կվերադառնան բանակցությունների սեղանին: Այն նպատակները, որոնք դրված էին երկխոսության հիմքում, շատ ընդհանուր էին` միավորել ջանքերը կարևորագույն խնդիրների լուծման համար: Հակառակ պարագայում` ջանքերի համատեղմանը դեմ գնալով, հանգելու են պետական և ազգային շահերի ոտնահարմանը:
-Արդյո՞ք Տիգրան Առաքելյանի հարցը պատրվակ չէ, և իրականում երկխոսությունը փակուղի է մտել, որովհետև ՀԱԿ-ը օրակարգում ունի արտահերթ ընտրությունների հարցը, իսկ կոալիցիան նման օրակարգը չի ընդունում:
-ՀԱԿ-ի համար արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների տեսակետը տարիների պատմություն ունի, և դա չէր կարող առկախման պատճառ դառնալ:
-ՈՒրեմն` ո՞րն է առկախման իրական պատճառը:
-Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ում կան տարբեր տեսակետներ հետագա գործունեության, քաղաքական խճանկարում տեղի ու դերի մասին, և առկախման պատճառը ՀԱԿ-ում այդ կարծիքների բախումն է:
-Հայաստանում արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների նախադրյալներ կա՞ն:
-Ոչ:
-Սոցիալական վիճակը, գնաճը, արտագաղթը, գործազրկությունը, բարոյաքաղաքական մթնոլորտը, մարդկանց դժգոհությունը իրենց ապրուստից ու կարգավիճակից, վարչահրամայական մեթոդներով համակարգերի կառավարումը, կոռուպցիայի անխախտ դիրքերը, ողբերգական իրադարձությունները բանակում... Եթե այս շարքը շարունակեմ, իսկ շարունակելու տեղ կա, նախադրյալ չե՞ն կարող դառնալ:
-Այդ բոլոր պրոբլեմները առաջինն իշխանությունն է բարձրաձայնել, մենք ունենք վերափոխումների ծրագրեր, որոնցով առաջ ենք գնում այդ խնդիրները լուծելու ուղղությամբ:
-Իշխանությունն ինքն իրեն ասում է` ինչո՞ւ չես լուծում պրոբլեմները:
-Ոչ, իշխանությունն ասում է` ահա պրոբլեմները, ահա դրանց լուծման ծրագրերը, որոնք ես իրականացնում եմ քայլ առ քայլ:
-Որո՞նք են ամենակարևոր 3 խնդիրները այս պահին Հայաստանում:
-Հայաստանի ներքին կյանքը որոշակիորեն կախված է ղարաբաղյան կոնֆլիկտից և շրջափակումից: Ես կարծում եմ, որ առաջին խնդիրը մեր փակ սահմաններն են և Ղարաբաղի խնդրի լուծումը: Հաջորդը հետճգնաժամային իրավիճակի հաղթահարումն է ու տնտեսության աճը, որի իրականացման հնարավորությունները շատ մեծ են: Երրորդը քաղաքական խնդիրներն են` խորհրդարանական ու նախագահական ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը կարևորագույն մարտահրավեր է, որտեղ զգացվում է բոլոր քաղաքական ուժերի համատեղ աշխատանքի կարիքը:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1155

Մեկնաբանություններ